Մեքսիկայում ԱՄՆ-ի հետ սահմանին 42 դի է հայտնաբերվել

17:37 • 28.10.19

Մեքսիկական Madres Buscadoras de Sonora խումբը, որին անդամակցում են անհետ կորած մարդկանց հարազատները, ԱՄՆ սահմանից հարավ գտնվող Սոնորա նահանգի Պուերտո Պենյասկո քաղաքի մոտակայքում հայտնաբերել է «եղբայրական գերեզման»՝ ամենաքիչը 42 մարդու մնացորդներով: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:

Այսպիսով՝ հոկտեմբերի 24-ին որոնողական խումբը կարողացել է Կալիֆոռնիական նեղուցի մոտակայքում գտնվող անապատում հագուստով 12 կմախք, ինչպես նաև փոսում ընկած մարմին գտնել: Արդեն հաջորդ օրը հայտնաբերված մարմինների թիվը հասել է 27-ի, իսկ արդեն հոկտեմբերի 26-ին՝ 42-ի:

Դեռևս անհայտ է, թե որքան ժամանակ է անցել նրանց մահվանից, բայց մարմիններից երկուսը դեռևս քայքայման փուլում են գտնվել, ինչը վկայում է նրանց՝ նոր թաղված լինելու մասին, սակայն մյուս բոլոր մարմիններն արդեն վերածվել են կմախքների: Անցկացվում է փորձաքննություն՝ մահացածների սեռը և ինքնությունը ճանաչելու ուղղությամբ: