«Եթե այս լուրը հաստատվի, կարելի է խոսել ահաբեկչության դեմ պայքարում Թրամփի լուրջ ներդրման մասին». Կրեմլը մեկնաբանել է Ալ Բաղդադիի վերացման ամերիկյան գործողությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնի հայտարարությունը՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով, եթե այս լուրը հաստատվի, կարելի է խոսել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Դոնալդ Թրամփի լուրջ ներդրման մասին:
«Ինքնըստինքյան, լուրը չի կարող բացասական արձագանք ստանալ ռուսական իշխանությունների կողմից: Մեր զինվորականները տարածքում տեսել են ամերիկյան ինքնաթիռներ, անօդաչուներ, որոնք կարող էին այնտեղ աշխատել»,- հավելել է Պեսկովը:
Ալ Բաղդադին, ում իսկական անունն Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բադրի է, հայտնի է որպես ահաբեկիչների առաջնորդ 2014 թվականից, երբ Մոսուլում «Իսլամական պետության» կողմից գրավված մզկիթից հայտարարել էր Մերձավոր Արևելքում «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին:
Այդ դեպքից հետո ԶԼՄ-ները մեկ անգամ չէ, որ հայտարարել էին Ալ Բաղդադիի չեզոքացման մասին, սակայն ոչ մի անգամ լուրը չէր հաստատվել:
ԱՄՆ նախագահն Ալ Բաղդադիի վերացման մասին հայտարարել էր երեկ՝ հոկտեմբերի 27-ին: Թրամփի խոսքով՝ գործողության ընթացքում ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, բայց այնուամենայնիվ հաջողվել է նրան շատ արագ նույնականացնել: Թրամփն օգնության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին:
Տեղեկությունների համաձայն՝ «Իսլամական պետության» ղեկավարին հաջողվել է հայտնաբերել իր 5 գլխավոր օգնականներից մեկի՝ Իսմայիլ ալ Իթավիի շնորհիվ:
Ավելի վաղ այս տարի ԱՄՆ-ի, Իրաքի և Սիրիայի համատեղ գործողության արդյունքում կոալիցիոն ուժերը կարողացել էին գերի վերցնել «Իսլամական պետության» բարձրաստիճան դեմքերի, որոնք էլ պատմել էին, թե որտեղ են Սիրիայում հանդիպել Ալ Բաղդադիի հետ:
2019 թվականի ամռանն արդեն պարզ էր, որ ահաբեկիչների ղեկավարն իր ընտանիքի ու օգնականների հետ Իդլիբի շրջանում գյուղից գյուղ է տեղափոխվում: Շրջանի շուկաներից մեկում հետախույզները տեսել էին ալ-Իթավիին, որն էլ նրանց ուղղորդել էր դեպի այն տուն, որտեղ իջևանել էր Ալ Բաղդադին:
ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը հինգ ամիս հետևել էր տարածքին անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Նշվում է, որ Ալ Բաղդադիին վերացրել են հարևան գյուղ տեղափոխվելու ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ: Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։









