Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է քրդերի դուրսբերումը թուրք-սիրիական սահմանից
Ռուսական ռազմական ոստիկանությունն օգնում է քրդական ինքնապաշտպանության ջոկատներին և նրանց զինամթերքը տեղափոխել թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Այս մասին ասել է Հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոն, փոխանցում է РИА Новости-ն:
Գեներալը նշել է, որ ռուսները գործում են Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքից դուրս: Ռուսական ոստիկանության օժանդակությունը քրդերին տեղափոխելու գործում կշարունակվի մինչև երեքշաբթի՝ ժամը 18:00-ն:
«Դրանից հետո կսկսվի թուրք-ռուսական համատեղ հերթապահությունը՝ գործողությունից արևմուտք և արևելք 10 կմ խորությամբ, բացի Ղամիշլի քաղաքից»,-հավելել է Ռոմանենկոն:
Քրդական ջոկատները պետք է լքեն նաև Մանբիջն ու Թալ Ռիֆաթը:
«Այս գործողությունների իրականացումը կծառայի թուրք-սիրիական սահմանամերձ գոտում իրավիճակի կայունացմանը»,- նշել է գեներալը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:










