Պատերազմի ժամանակ ազգային ավիափոխադրող ունենալը կարևոր է, եթե ունենք մեր սեփական ինքնաթիռները. Տաթևիկ Ռևազյան

21:24 • 28.10.19

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բուն գործառույթն ազգային փոխադրող ստեղծելը չէ, բայց շատ ծառայություններ ունենք, որոնք փոխկապակցված են տեղական փոխադրող ունենալու հետ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ավելացնելով, որ պատերազմի ժամանակ ազգային փոխադրող ունենալը կարևոր է, եթե ազգային փոխադրող ունի իր սեփական ինքնաթիռները:

«Ես ասել եմ, որ ուզում եմ կայուն ավիաընկերություն, ես ասել եմ՝ չեմ ուզում, որ մենք նորից ունենանք «Արմավիայի» պատմությունը, որ ընկերությունը բացվի, փակվի: Այսինքն՝ ճիշտ ձևով դա պետք է կազմակերպվի, և պետք է հասկանանք, որ պայմաններն էլ են 21-րդ դարում փոխվել, բայց դա մեր գործառույթը չէ, և մենք իրավունք չունենք ստեղծել ավիաընկերություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ պատերազմի դեպքում կարևոր է ազգային փոխադրող ունենալը, նա ասաց.«Եթե պատերազմ սկսվեց, այդ ընկերությունները մտածելու են իրենց օդանավերի մասին, չեն ցանկանա վնասվի և դժվար թե թռչեն Հայաստան: Ազգային փոխադրող ունենալը այդ հարցն ամբողջովին չի լուծում, քանի որ դա ամբողջությամբ կախված է նրանից, թե օդանավերը հայկակա՞ն են, թե լիզինգով վերցված: Եթե լիզինգ է արվում, լիզինգը տվող նույն ընկերությունը պահանջելու է, որ ինքնաթիռը չթռչի: Այսինքն, որպեսզի մենք ստեղծենք մեր ավիաընկերությունները, պետք է մտածենք, որ ստեղծենք մեր ինքնաթիռները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի շահագործման հնարավորությանը, Տաթևիկ Ռևազյանը նախ նշել է, որ շատ հաճախ ներքին չվերթները էժան չեն լինում, քանի որ ծախսերը բավականին շատ են: «Կապանի օդանավակայանի հետ կապված մենք հետևում ենք, գործը առաջ է գնում, վերանորոգում են, հուսով ենք, որ շուտով կբացվի»,- ասել է նա:

Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ փոքր ավիացիայի զարգացման հետ կապված լուրջ քայլեր արել են, երկու փոքր օդանավ ունենք Հայաստանում գրանցված, ուղղաթիռներ։ «Այդ ոլորտը կամաց–կամաց զարգանում է, բայց լուրջ խնդիրներ էլ ունենք, որ մասնավոր հատվածի հետ փորձում ենք լուծել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է իր գործողումներին, նա նշել է, որ ճիշտ թվեր չեն ներկայացվել իր գործողումների հետ կապված, և Քաղավիացիայի գործառույթների մեջ մտնում է հաճախ ճանապարհորդելը: «Եթե հաշվենք, թե ինչ գումար է ծախսվել գործուղումների վրա ու ինչ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա, ընդհանրապես հարց չի ծագի»,-հավելել է նա: