«Ալ Բաղդադին Թուրքիայի, մարդկության և իսլամի մեծագույն թշնամիներից մեկն էր». Թուրքիայի ԱԳՆ արձագանքը
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման ամերիկյան գործողությանը, հայտարարել է, որ Ալ Բաղդադին Թուրքիայի, մարդկության և իսլամի մեծագույն թշնամիներից էր: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«Ալ Բաղդադին Թուրքիայի, մարդկության և իսլամի մեծագույն թշնամիներից էր: Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիայի ամենաակտիվ երկրներից մեկն է և պայքարել ու պայքարելու է ահաբեկչության և նման ահաբեկիչների դեմ»,- նշել է Աքսոյը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավարի վերացումը շրջադարձային իրադարձություն է ահաբեկչության դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:
Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։










