Չիլիի իշխանությունները շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին բացառել են կրկին արտակարգ դրության ռեժիմի սահմանումը

09:41 • 29.10.19

Չիլիի իշխանությունները բացառել են բողոքի ցույցերի ֆոնին կրկին արտակարգ դրություն սահմանելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության քարտուղար Կառլա Ռուբիլարը՝ զանգվածային բողոքների նոր օրվա ֆոնին, որոնք երկրում ընթանում են արդեն երկրորդ շաբաթը, գրում է ria.ru-ն:

Չիլիում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ակցիաները վերսկսվել են երկուշաբթի, որի հետևանքով տուժել են երկրի շատ քաղաքներ: Սանտյագոյում ցուցարարներն այրել են առևտրի կենտրոն, հարևանությամբ գտնվող հյուրանոցը տարհանվել է:

«Մենք չենք պատրաստվում վերադառնալ արտակարգ դրության ռեժիմին: Ոստիկանության և դատախազության օգնությամբ մենք կարգուկանոն կսահմանենք քաղաքում և կգտնենք ջարդարարներին»,- հայտարարել է Ռուբիլարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռուբիլարը կոչ է արել նաև բոլոր քաղաքական ուժերին դատապարտել բռնությունը և հայտարարել է, որ մայրաքաղաքում բռնության և վանդալիզմի համար պատասխանատու են ցուցարարները:

«Սա յոթ հազար հոգուց բաղկացած խումբ է, որը կարծում է, որ կարող է Սանտյագոն վերցնել»,- հայտնել է քարտուղարը:

Այս պահի դրությամբ ավելի քան 19 մարդ է զոհվել բախումների հետևանքով, ներառյալ՝ 5 իրավապահ:

Երկուշաբթի Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան, երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, փոխել է մի քանի առանցքային նախարարների, ներառյալ՝ ներքին գործերի նախարարին:

Կիրակի Չիլիի իշխանությունները չեղարկել էին արտակարգ դրությունը, որը երկրում սահմանվել էր բողոքի զանգվածային ցույցերի պատճառով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի ուղեվարձը 30 չիլիական պեսոյով (0,042 դոլար) բարձրացնելու որոշում էին կայացրել, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել: Սկզբում խաղաղ ակցիաներն այնուհետև վերաճել էին իրավապահների հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ էին կառուցել մետրոյի կայարանների մոտ՝ զգալի վնաս հասցնելով մետրոպոլիտենին: Նրանք նաև խանութներ և ավտոբուսներ էին այրել, երկրի մեծ քաղաքներում փողոց էր դուրս բերվել զրահատեխնիկա: