Վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում. Արագածոտնի մարզպետը՝ գաղտնի հանձնարարականով աշխատավարձերի բարձրացման մասին
Մեր թիմում գտնվողները չեն կարող սխալ համարել վարչապետի որոշումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերի բարձրացմանը:
«2019 թ-ի բյուջեով նախատեսված է որոշակի պարգևավճարի չափ, և այդ ֆոնդից տարբեր աշխատողներ իրենց լավ կատարած աշխատանքների համար հավելավճար են ստացել: Պետական համակարգում աշխատող ցանկացած աշխատողի համար ստույգ սահմանված են դրույքաչափեր, որին ավելացել է որոշ գումար: Բայց ես չեմ կարող խոսել այն մասին, ինչը գաղտնիություն է պարունակում»,-ասաց նա:
Հարցին, թե ըստ գաղտնի որոշման՝ որքանո՞վ է բարձրացել մարզպետի աշխատավարձը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կրկնեց՝ չի ուզում իրավական տեսանկյունից պատասխանատվություն ստանձնել և գաղտնի տեղեկության մասին խոսել:
«Հանրապետության վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ եմ համարում, այլև ճիշտ եմ համարում: 3 մլն «վարչապետները» իրենց որոշումը կայացրել են, ԱԺ-ի վերջին ընտրություններին իրենց վստահության քվեն տվել են մեր քաղաքական ուժին և վստահել են օրենքով սահմանված որոշումներ կայացնելու մեր իրավունքներին»,- ասաց մարզպետը և հավելեց, որ նրանց թիմում գտնվողները չեն կարող սխալ համարել վարչապետի որոշումները:
Մարզպետը նաև նշեց՝ դժգոհ է, քանի որ մարզպետարանում կան շատ աշխատողներ, որոնք ցածր աշխատավարձ են ստանում և նկատեց, որ պետական համակարգում ամենացածր վարձատրվողները պետք է բարձր աշխատավարձ ստանան:









