Բացահայտվել է 2005 թ. կատարված սպանությունը. Երևանում քաղաքացուն ամուսնու ազգականները սպանել են, գողացել նրա ոսկյա զարդերը և դին թաղել տան նկուղում. առգրավվել են դիակի մասունքները՝ գանգ, ոսկորներ

12:10 • 29.10.19

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչուհու՝ Ն. Յաղուտյանի՝ դեռևս 2005թ. կատարված սպանությունը: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:40-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր հանգուցյալ հորից տեղեկացել է, որ տարիներ առաջ հորաքույրը, հորաքրոջ որդին և վերջինիս կինը, իր մյուս հորաքրոջը որոշ ժամանակ հյուրընկալելով Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, այնտեղ սպանել են նրան և թաքցրել դին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,  որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ, կազմվել է քննչական խումբ:

Քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1937թ. ծնված Ն. Յաղուտյանի ամուսնու ազգականները, իմանալով, որ Յաղուտյանն ունի մեծ քանակությամբ ոսկյա զարդեր,դրանց տիրանալու նպատակով վերջինիս սպանել են Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, գողացել նրա ոսկյա զարդերը և դին թաղել տան ննջասենյակներից մեկի տակ գտնվող նկուղում:

Նշված հասցեում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության արդյունքում տան ննջասենյակի տակ գտնվող նկուղում հայտնաբերվել և առգրավվել են մարդու դիակի մասունքներ՝ գանգ, ոսկորներ, ինչպես նաև՝ հագուստներ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր:

47-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իր մոր քեռու կնոջը՝ Ն. Յաղուտյանին, սպանելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական գործով հարցաքննվել են կասկածյալի ընտանիքի անդամները,  հայտնաբերված մասունքներով և հագուստներով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։