Իրաքում գիշերն առնվազն 18 մարդ է զոհվել անվտանգության ուժերի բացած կրակի հետևանքով. Associated Press (լուսանկար)
Իրաքի Քերբելա քաղաքում լույս երեքշաբթի առնվազն 18 մարդ է զոհվել, երբ դիմակներով և քաղաքացիական հագուստներով անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, հաղորդում է Associated Press-ը:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ևս 860 մարդ վիրավորվել է այդ քաղաքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երեկ հակակառավարական ցույցերին միացել են նաև հարյուրավոր ուսանողներ: Նշվում է, որ զոհերից մեկը բժշկական համալսարանի 22-ամյա ուսանողուհի է՝ առաջին կինը, որ մահացել է այս ամիս մեկնարկած ցույցերի ընթացքում: Եվս 17 ուսանող վիրավորվել է:
Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի 1-ին: Սկզբում ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ իշխանությունները հետևողական լինեն երիտասարդության շրջանում առկա գործազրկությանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին, այնուհետև սկսել են պահանջել գործող քաղաքական համակարգի փոփոխություն:
Իրաքում հոկտեմբերին սկսված բողոքի ակցիաները նոր թափով վերսկսվել են անցած շաբաթվա վերջին։ Միայն բողոքի ցույցերի առաջին շաբաթվա ընթացքում այդ երկրում զոհվել է շուրջ 150 մարդ, իսկ հոկտեմբերի 25-ին ցույցերի վերսկսման պահից՝ ավելի քան 70 մարդ:











