Ի վերջո, իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը բոլոր ընկերությունների համար գործելու է, անկախ նրանից, թե որ ոլորտում են աշխատում. Ռուստամ Բադասյան
Ի վերջո, իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը բոլոր ընկերությունների համար գործելու է՝ անկախ նրանից, թե որ ոլորտում են աշխատում՝ հանքարդյունաբերության, մեդիադաշտի, թե այլ. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նրա՝ այս փուլում գործիքներ են քննարկվում, և հարցը միանշանակ չէ. խնդիր է առաջանում հատկապես ճյուղային օրենսդրության հետ:
«Մասնավորապես, միայն ինքնահայտարարագրման գործիքը չի կարող բավական լինել, միջազգային պրակտիկայում տարբեր է հավաքվող ինֆորմացիան, և տարբեր է հասանելիության աստիճանը: Այսինքն՝ հարկային մարմինները դերակատարություն ունեն այդ հարցում: Հարց է առաջնում՝ այդ ինֆորմացիայից ի՞նչն է օգտագործվում և ո՞ւմ է հասանելի՝ միայն իրավապահ մարմինների՞ն, թե ամբողջ հասարակությանը:
Այդ հարցերն առանձնացրել ենք, որպեսզի քննարկենք միջազգային գործընկների հետ, որոնք լավագույն փորձն են կուտակել»,-ասաց նա:
Կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման հարցում, նախարարը նշեց, որ արդեն զարգացում կա: Լայնորեն քննարկվել է թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում իրական սեփականատերերին բացահայտման մեխանիզմները: «Բայց այն, ըստ իս, դեռ կիսատ է և պետք է կատարելագործել իմ ասած ուղղություններով, որ հստակ մեխանիզմներ լինեն տեղեկությունները ստուգելու և բացահայտելու համար»:









