Բաղդադի ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, հրթիռային հարձակման է ենթարկվել
Բաղդադի մերձակայքում գտնվող «Տաջի» ռազմակայանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, երկու հրթիռ է ընկել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sky News Arabia-ն:
Միջադեպի հետևանքով ավերածությունների կամ նյութական վնասի մասին տեղեկություն չի հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե ով է իրականացրել հրթիռակոծումը: Իրաքում գործող ծայրահեղական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ավելի վաղ Բաղդադի ռազմական աղբյուրները հայտնել էին, որ Իրաքի իշխանությունները քննարկում են ՀՕՊ համակարգը բարելավելու մի շարք առաջարկներ, որոնց թվում են այլ երկրներից ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը, ինչպես նաև պաշտոնաթող սպաներին ծառայություն վերադարձնելը: Այս միջոցները պատասխան էին «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորայինների ռազմական հենակետերի վրա կատարված գրոհների, որոնք իրականացրել է Իսրայելը՝ Միացյալ Նահանգների համաձայնությամբ:









