Բաղդադում զանգվածային ցույցերը շարունակվում են. Իրաքի իշխանությունները պարետային ժամ են մտցրել
Իրաքի իշխանությունները հայտարարել են Բաղդադում պարետային ժամ մտցնելու մասին, որը սկսվել է երեքշաբթի 00:00-ից (Երևանի ժամանակով 01.00-ին), Interfax-ի հաղորդմամբ՝ հայտնում է Լիբանանի Daily Star կայքը:
«Պարետային ժամը կտևի կեսգիշերից մինչև առավոտյան 06.00-ը, հետագա քայլերի մասին լրացուցիչ կծանուցվի»,- աղբյուրը մեջբերել է իշխանության հայտարարությունից մի հատված:
Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի 1-ին: Սկզբում ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ իշխանությունները հետևողական լինեն երիտասարդության շրջանում առկա գործազրկությանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին, այնուհետև սկսել են պահանջել գործող քաղաքական համակարգի փոփոխություն:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Բաղդադում ընթացող բողոքի ցույցերի հետևանքով երկուշաբթի զոհվել է հինգ մարդ: Բացի այդ, նախօերին Իրաքի մի քանի քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 42 մարդ:
Ընդհանուր առմամբ, ըստ Daily Star-ի, Իրաքում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր մահացել է մոտ 240 մարդ:









