«Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիան ռազմական նպատակներ չի հետապնդում, այն օգտագործվում է զուտ բժշկական նպատակներով». Ն. Փաշինյանը՝ «Կոմերսանտ»-ին

11:22 • 29.10.19

Հայաստանում գտնվող և ԱՄՆ-ի տրամադրած միջոցներով կառուցված կենսաբանական լաբորատորիան ռազմական նպատակներ չի հետապնդում, այն կենսալաբորատորիա է, որն օգտագործվում է զուտ բժշկական նպատակներով: Այդ մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անցյալ տարի իր իսկ հանձնարարականով ռուս մասնագետներն այցելել են այդ օբյեկտներ ու հավաստիացել, որ այդ օբյեկտները Ռուսաստանի համար ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում: 

«Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, դա շատ կարևոր է: Այդ լաբորատորիաները կարևոր են Հայաստանի համար: Մենք երախտապարտ ենք նաև մեր ամերիկացի գործընկերներին այն բանի համար, որ նրանք աջակցեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաների կառուցումը, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը: Փաստացի, դա նվեր է և շատ թանկ նվեր»,- ասել է ՀՀ վարչապետը:

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցին և այցի շրջանակում հուշագրի ստորագրմանը, որը կերաշխավորի ռուս մասնագետների հասանելիությունը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիային:

«Մենք աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այդ փաստաթղթի գլխավոր նպատակը բոլոր կողմերի շահերը հարգելն է, որպեսզի ոչ մեկի մոտ ոչ մի մտավախություն չառաջանա լաբորատորիաների մասով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան: Այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի տրամադրած միջոցներով:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին՝ ռուսական սահմանների մոտ «ռազմա-բժշկա-կենսաբանական ակտիվության» համար և խոստացել է հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը թափանցիկ լինի իր համար:   

Մեկ այլ աղբյուր հաստատել է թերթին, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Նա պարզաբանել է, որ հուշագիրը ենթադրում է երկու երկրների համագործակցություն բժշկա-կենսաբանական ոլորտում:

Նրանց թվում, ովքեր կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա, ՌԴ առողջապահության ու պաշտպանության նախարարությունների մասնագետներն են:

ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որոնցում իրականացվում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրվում են վիրուսներ ու շտամներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվայի առանձնահատուկ անհանգստությունն է առաջացնում Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնը: