Մեքենան, որը սպասարկում էր վարչապետին, բավականին հին էր. վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել, դրանք պետության կարիքների համար են. Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)

16:11 • 30.10.19

ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս պահին հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Խնդիրը հետևյալում է. վարչապետին սպասարկող օդանավը բավականին հին է և դրանից բխող ծախսերը բավականին բարձր են: Միգուցե հաշվարկների պարագայում արձանագրվի, որ ավելի նպատակահարմար կլինի նոր ինքնաթիռի ձեռքբերումը, բայց կրկնում եմ՝ սա տարբերակ է, որը քննարկվում է»,- հայտնեց նա:

Մամուլը գրում է, որ կառավարական ամառանոցների վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 2 մլն դոլար, ինչպես նաև՝ վարչապետը նոր մեքենա է գնել 540 հազար դոլար արժողությամբ:

Արձագանքելով այդ հրապարակումներին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Նախ արձանագրենք, որ վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել: Դրանք պետական գնումներ են, պետության կարիքների համար են: Այն ավտոմեքենան, որը սպասարկում էր վարչապետին, բավականին հին և շարքից դուրս մեքենա էր, որը 5 և ավելի տարի առաջ պետք է դուրս գրվեր: Այն լուրջ, այդ թվում՝ անվտանգության խնդիրներ առաջացնող մեքենա էր: Որոշումները գաղտնի ընթացակարգերով են կայացվել, որովհետև դա օրենքից է բխում, ես այդ թվերը չեմ կարող հրապարակել»:

Ինչ վերաբերում է առանձնատների վերանորոգման ծախսին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց. «Երբ այդ վերանորոգումները կլինեն, պետգույքի համապատասխան ռեգիստրում դրանց շուկայական արժեքը համապատասխանաբար կավելանա և բոլորը դրան հասանելիություն կունենան: Գործող օրենքի համաձայն՝ ընթացիկ ներկայացուցչական ծախսերը գաղտնի են: Կարելի է քննարկել այդ օրենքի փոփոխման հարցը, բայց պետք է արձանագրել, որ կան անվտանգության որոշ նորմեր, որոնք այդ օրենքի շրջանակում ևս պահպանվում են: Սա օրենքի կարևորագույն բաղադրիչ է, որը չի կարելի շրջանցել»:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ կառավարական ամառանոցներից 8-ն է վերանորոգվում, ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար: