2019 թ-ին վարչապետի աշխատակազմում կրճատվել է 44 ավտոմեքենա և 30 վարորդ. էդուարդ Աղաջանյան
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ 2020 թվականի բյուջեով կառավարության աշխատակազմին տրամադրվել է շուրջ 22 միլիարդ 318 միլիոն 676 հազար դրամ:
«2019 թվականին վարչապետի աշխատակազմում կրճատվել են տրանսպորտային միջոցներ, մասնավորապես թվով 44 ավտոմեքենա և 30 վարորդ, որի արդյունքում խնայվել է տարեկան շուրջ 65 միլիոն դրամ»,-ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ աջակցության մեկ ծրագիր 2020 թվականի բյուջեով չի իրականացվելու և պարզաբանեց. «Մենք ունեինք՝ աջակցություն հասարակական կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին ծրագիր, որը չենք ներառելու 2020 թվականի բյուջեի նախագծում: Ընդ որում՝ այս տարի այդ գումարը ևս ըստ նպատակի չի օգտագործվել, ներքին վերաբաշխում ենք իրականացրել և այդ գումարի մի մասով շենքային պայմաններն են բարելավվել»,-ասաց նա:
Աշխատակազմի ղեկավարն այս ծրագրի առնչությամբ նշեց, որ ի սկզբանե իրենց համար պարզ էր, որ սա որոշակի կամայական որոշումների հնարավորություններ էր տալիս: «Նախկինում, ըստ էության, այդպես էլ եղել է, այդ գումարը կամայական որոշմամբ տրամադրվել է որոշ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների, որովհետև տրամաբանություն չկա, թե ինչո՞ւ իքս ՀԿ-ին պետք է տրամադրվի գումար կառավարության կողմից, և մյուսին չտրամադրվի, նույնը՝ քաղաքական կուսակցությունների վերաբերյալ»,-ասաց նա:









