Amazon Web services-ն առաջին անգամ Հայաստանում է

15:31 • 30.10.19

Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում ս.թ. հոկտեմբերի 30-ին կայացավ ScaleUp ինովացիոն ֆորումը, որին մասնակցեցին միջազգային հեղինակավոր ընկերությունների` Amazon Web services(AWS), VISA, Middleware, Mambu, Softprom փորձագետներ: Ֆորումը մեկնարկեց AWS-ի տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայայի ելույթով: Նա անդրադարձավ թվայնացման և ավտոմատացման խնդիրներին և ներկայացրեց Amazon-ում առկա նորարարությունները:

«Պետք է հասկանալ՝ ընկերությունն է կառավարում գործընթացը, թե գործընթացը` ընկերությանը: Amazon-ի առաքելությունն է` գործել հաճախորդների համար: Արհեստական բանականության շնորհիվ մենք կարողանում ենք ավելի արագ և համակարգված կատարել հաճախորդների նախասիրությունների վերլուծություն և պահանջների բացահայտում: Մեզ համար կարևոր է հետադարձ հայացք նետելու կարողությունը` հասկանալու համար սխալները, բացահայտելու հաճախորդների պահանջները և հասկանալու` ինչպես կարձագանքի սպառողն այս կամ այն նորարարական լուծումներին և ապրանքատեսակներին»,-ասել է AWS-ի տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան:

Իր ելույթում AWS տարածքային կառավարիչը նշեց` պետք է ունենալ հեռուն գնացող տեսլական, փորձարկել, նաև՝ սխալվել, սակայն երբեք չհանձնվել, որովհետև յուրաքանչյուր ձախողում  նոր փորձ է, հաջողության ճանապարհի սկիզբը:

«Հաջողությունն ու ձախողումն անբաժան են, դա ինովացիայի ոլորտում կարևորագույն կետերից է և բնական երևույթ: Amazon-ը հիմնադրման հենց առաջին օրվանից անցել է երկար և դժվար ճանապարհ, որն անհնարին կլիներ առանց ձախողումների: Եղել է` ունեցել ենք 70.000 դոլարի ձախողում և այդ ամենը մեզ օգնել է հասկանալ, թե ինչը կհաջողի: Ձախողումը հիմք վերցնելով՝ պետք է չհանձնվելով առաջ գնալ»,- ասել է  AWS-ի տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան:

Ամփոփելով հաջողված բիզնեսի հիմքերը` Վերանիկան նշեց, որ հարկավոր է ունենալ համակարգված թիմ, արագ որոշումներ կայացնելու ունակություն, հետադարձ հայացք նետելու և սխալները վերլուծելու կարողություն, հաճախորդամետ քաղաքականություն և փորձարկումներ, որոնք բացահայտում են շուկան ու սպառողների պահանջները և ոչ միայն. այս ամենը ինովացիայի հիմքն է:

Softprom ընկերության ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն իր ելույթում անդրադարձավ վճարային քարտերի ոլորտի տվյալների անվտանգության չափանիշներին (PCI DSS)՝ համաձայն AWS-ի ճարտարապետական կառուցվածքի:

«Amazon-ն անվտանգության տեսանկյունից առաջատարներից է: Կոդավորումը թույլ է տալիս հասկանալ համակարգի թույլ տեղերը, որտեղից կարող է միջոցների կորուստ լինել: Amazon-ն առաջինն էր, որ ստացավ PCI DSS-ի օնլայն գնումների սերտիֆիկատ: Դա խոսում է անվտանգության բարձր մակարդակի մասին»,-ասել է Softprom ընկերության ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն:

Վճարային քարտերի ոլորտի տվյալների անվտանգության գրավականներից է համակարգվածությունը, արագ արձագանքման հնարավորությունը և կանոնակարգին հետևելը: Այս կետերն իր ելույթում առանձնացրեց Softprom ընկերության ՏՏ գծով տնօրենը՝ պատմելով Solinor ֆինանսական ընկերության և Simple առցանց տիրույթում գործող բանկի հետ նույն ոլորտում համագործակցության մասին:

Ամերիաբանկը, համագործակցելով առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են` Amazon-ը, Softprom-ը, Mambu-ն, VISA-ն և այլ ընկերություններ ՏՏ և հեռահաղորդակցման ոլորտից,  հնարավորություն տվեց փորձի փոխանակման միջոցով ծանոթանալ միջազգային պրակտիկային ևս: