Իրենց տված եզրակացությանը պարզաբանումներ տալու համար հարցաքննության կկանչվեն «Էլարդ»-ի փորձագետները. Հայկ Գրիգորյան
Ամուլսարի հանքի շահագործման գործունության վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Այս մասին լրագրողերի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Ձեռք են բերվել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն կատարել նոր ուղղությամբ, ինչը որ մենք հիմա անում ենք»,-ասաց Գրիգորյանը և հավելեց, որ քննության 3 բլոկ կա:
«Բլոկերից մեկը, որ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը տալիս է եզրակացությունը՝ հիմնվելով այլ մարմինների եզրակացությունների վրա, պետք է հասկանանք՝ արդյո՞ք պատշաճ է ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները»,-ասաց նա:
Բացի այդ՝ Քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ կարծում է՝ «Էլարդ»-ի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա՝ պարզաբանելու համար:
Իսկ թե բնապահպանության նախարարը որքանո՞վ է շահագրգռված եղել թույլտվություն տալու համար, Գրիգորյանն ասաց՝ այդ հարցին էլ կանդրադառնան: «Բայց ասեմ, որ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը, իրենք իրենց հերթին տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ը ուղարկում են շահագրգիռ մարմիններին, այսինքն՝ ԱԻՆ-ի այս կամ այն ՊՈԱԿ, Ազգային ակադեմիա և այլն, և նրանց եզրակացության հիման վրա էլ տալիս է դրական կամ բացասական եզրակացություն, և նախարարը ունեցել է գործառույթ՝ հաստատել կամ չհաստատել»,-ասաց նա:
Ժամկետների վերաբերյալ Գրիգորյանը դժվարացավ խոսել՝ ասելով՝ կապված է փորձաքննությունների, նաև մասնագետների կարծիքից:
Հարցին, թե հնարավո՞ր է Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի աշխատանքի հետ կապված լինեն նման զարգացումները, Գրիգորյանը պատասխանեց՝ ոչ: «Ծառայողական քննություն ենք կատարել, և ըստ արդյունքների՝ Իվանյանը ոչ մի բովանդակային և փաստական կապ և շահագրգռվածություն չի ունեցել»,-ասաց նա:









