Անարժեք մարդիկ հետապնդում են շատ ավելի արժեքավոր մարդկանց, ես այսքան բզկտված հասարակություն դեռ չէի տեսել. Վազգեն Մանուկյան

14:51 • 30.10.19

Երբ նայում ես, թե ինչ է կատարվում աշխարհում և ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ ինչ-որ մի բան չի համընկնում: Այսքան բզկտվածություն ես երբեք չէի տեսել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներին:

«Համընդհանուր գլոբալիզացիայի, ինտեգրացիայի պայմանները փոխվել են, ժողովուրդների ու պետությունների ներսում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են, սկսվել են առևտրական պատերազմներ ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի միջև, Եվրոպայի ներսում մեծ փոփոխություններ են, «Բրեքզիթ»-ը, օրինակ.  դրանով հանդերձ վերադարձ է կատարվում ազգայինին: Տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են, Ռուսաստանի դերակատարումն այս տարածաշրջանում կտրուկ բարձրացել է, նոր հարաբերություններ են ստեղծվել՝ ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա-Իրան: Աշխարհը մտնում է նոր փուլ, և թվում է, որ մենք պետք է դրա վրա կառուցեինք մեր քաղաքականությունը, որովհետև նոր մարտահրավերներ են ստեղծվում, նոր վտանգներ ու հնարավորություններ: Բացի այդ ամենը, մենք  տարածաշրջանում ունենք Ղարաբաղի հարցը և պետք է հասկանալ, որ դա ոչ միայն Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իղձերի հարցն է, դա, իհարկե, կա, բայց այդ հարցը նաև Հայաստանի անվտանգության հարցն է, դա ազգային երևույթից դուրս անվտանգության հարց է բոլորիս համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Թե ինչ վիճակում է գտնվում Ղարաբաղի հարցը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ բանակցություններ չկան, ընդհանրապես, բանակցությունները նպաստում են, որպեսզի պատերազմ չլինի, քսան տարի հաջողվել է պահպանել ստատուս քվոն՝ վարելով բանակցություններ: «Հիմա մենք ունենք այնպիսի մի ժամանակաշրջան, որ Ադրբեջանն այս պայմաններում ոչինչ չի սկսի, սակայն՝ հիշենք, որ վերջանում են բանակցությունները և պատերազմների հավանականությունները մեծանում են: Իսկ ի՞նչ է կատարվում ՀՀ-ի ներսում. ես  այսքան բզկտված հասարակություն դեռ չէի տեսել, իրար նկատմամբ թույնով լցված, իրար մատնել, արժեքավոր մարդկանց, օրինակ՝ Արա Բաբլոյանի դեմ քրեական գործը, որ հարուցել են, ուղղակի մարդու զարմանք է առաջացնում: Հայաստանի լավագույն բժիշկներից մեկը, մեր պարծանքը, որով մենք հպարտանում ենք աշխարհում, մեկ էլ պարզվում է՝ մեկ ստորակետ սխալ է դրել, թե  ճիշտ է դրել, այդ ստորակետի պատճառով քրեական գործ են հարուցում, հանում են Արցախի պաշտպանության նախարարին, որն իրենց կարծիքով մի նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր Արցախի: Անարժեք մարդիկ հետապնդում են շատ ավելի արժեքավոր ու այն պետության համար մեծ ջանքեր թափած ու արդյունքների հասած մարդկանց ու որոնք հիմա գտնվում են հարվածի տակ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործին՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ եթե հարցեր կան, պետք է վերաբացել քրեական գործը, ստանալ հարցերի պատասխանները. «Մի խայտառակություն էլ դա է, քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձևով, անարժան մարդկանց ձեռքերով, եթե հարց կա վերաբացել քրեական գործերը, ապա խնդրեմ, պետք է բացել ու նայել, բայց այն, ինչ արվում է, խայտառակություն է: Այս պայմաներում ինչպիսին պիտի լիներ Հայաստանը՝ կոնսոլիդացված, իշխանությունը ոչ թե պետք է գնար դուրս և ասեր, որ մենք հեղափոխություն ենք արել և ժողովրդավար ենք, ժողովրդավարությունն արդեն այն արժեքը չունի դրսի աշխարհում, այն արժեք ունի մեր երկրի ներսում, մենք պետք է մեր երկիրը դարձնենք ժողովրդավարական երկիր, և ոչ թե փորձենք, դա շահագործելով, արդյունքների հասնել, ՀՀ-ի ներկա վիճակը չի համապատասխանում այն իրավիճակին, որում մենք գտնվում ենք: Կարելի՞ է իրավիճակը լավացնել, իհարկե, բայց դա պահանջում է իշխանությունից՝ կտրուկ փոխել այն քաղաքականությունը, որն իրենք վարում են երկրի ներսում»:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը կկարողանա իրավիճակը շտկել, թե ոչ, պայմանավորված է նաև հասարակության դիրքորոշմամբ, թե ինչ խնդիրներ կդնի իշխանության առաջ, ինչ պահանջներ կունենա իշխանությունից: