Միջազգային հայտնի ընկերություններիը Երևանում ՝ Ամերիաբանկի կազմակերպած ScaleUp ինովացիոն ֆորումին
Երևանում մեկնարկել է ScaleUp ինովացիոն ֆորումը, որը կազմակերպել է Ամերիաբանկը՝ Amazon Web services-ի հետ գործակցության շրջանակում։ Թվային փոխակերպումը սկսվում է մտածողությունից: Նման կարծիք է հայտնել ֆորումի բանախոս, Middleware ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Դանիլենկոն, նշելով՝ նորարարությունների ներդրման գործընթացը պետք է լինի տևական և շարունակական:
«2013 թվականին սմարտֆոնների լայն տարածումը սկիզբ դրեց թվային փոխակերպումներին: Վերլուծությունը հաջողության գրավականներից է, դա թույլ է տալիս հասկանալ իրավիճակը և գտնել զարգացման ճիշտ ուղի: Թիմում պետք է լինեն աշխատակիցներ, որոնք ստեղծում և իրականացնում են գաղափարներ: Տվյալների հետ աշխատանքը նույնպես կարևոր է, այդ ամենի համատեղումը հաջողության գաղտնիքն է»,- ասել է Դանիլենկոն
Դանիլենկոյի կարծիքով` ընկերությունները իրենց բյուջեի 80 տոկոսը ծախսում են նորարարությունների հսկողության ապահովման և ոչ թե նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար: Դանիլենկոն վստահ է՝ անհաջողությունից խուսափելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նորարարությունների ներդրման մի քանի հայեցակետ: Առաջին հերթին` նորարարությունները պետք է լինեն ամբողջ թիմի, այլ ոչ թե մեկ մասնագետի գործունեության մի մասը:
«Հաջողակ ձեռնարկատերը պետք է գիտակցի՝ հաջողակ բիզնեսի գրավականն է նորարարական լուծումների ներդրումը՝ յուրաքանչյուր դեպարտամենտում: Հիմնվելով փորձի վրա՝ կարևոր է հաճախորդների հետ հետադարձ կապ ապահովել և նրանց պահանջներն ու ակնկալիքները հասկանալ: Հենց հետադարձը կապը թույլ կտա ճիշտ գնահատել բոլոր ռիսկերը: Նմանատիպ ֆորումները լավ հնարավորություն են ստեղծել գործնական հարաբերությունների ցանց: Այդ պրակտիկան աշխարհում լայն կիրառելի է»,- ասել է Դանիլենկոն
Ամբողջ թիմի համակարգված աշխատանքը կարևոր է համարում նաև Mambu ընկերության տեխնոլոգիաների գծով տնօրեն Բեն Գոլդինը:
«Ամեն ինչի հիմքում փոփոխությունն է: Ձեռագիր չեկերը նորարարություն էին մի քանի տարի առաջ, բայց այսօր օգտագործվում են քարտեր: Պետք է ստեղծել առաջարկ, որն ընդունակ է փոխվել ժամանակի հետ: Առաջնային է համարձակորեն ազատվել նրանից, ինչը կարևոր էր երեկ»,- ասել է նա:
Քննարկելով էկոհամակարգերի ուժը API տնտեսությունում` տնօրեն Բեն Գոլդինը նշել է, որ երբ վերահսկվում է էկոհամակարգը, վերահսկվում է նաև ճակատագիրը: էկոհամակարգը բազմակողմանի է, այն իր մեջ է ներառում բոլոր ասպեկտները:
Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշել է` սա լավ հնարավորություն է հայ սպառողին ծանոթացնել միջազգային ծառայություններին, գործելաոճին, Ամազոնին ծանոթացնել հայ սպառողի և պահանջների հետ:
«Մենք ուզում ենք համահունչ լինել հաջորդ սերնդի նորարարարկան լուծումների հետ և սա լավ առիթ է դա ուսումնասիրելու համար»,- ասել է Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Ֆորումի ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման լուծումները ֆինանսական հաստատությունների համար, հաճախորդների հետ գործակցության, հաճախորդների ներգրավման, տվյալների նորարարության հարցերը։ Ներկայացվել են համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունում կիրառելի նորարարությունները, հաճախորդների ներգրավման արդյունավետ մեթոդները և թվայնացման ապագա հեռանկարները: Ֆորումի ընթացքում կանցկացվի նաև պանելային քննարկում՝ «Մարդկության ապագան թվայնացման դարում» թեմայով։





















