Թաիլանդում սպանված միլիոնատիրուհու մարմինը գտել են նրա տան սառնարանում

17:05 • 30.10.19

Թաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգմայ քաղաքում միլիոնատիրուհի Վոնի Ջիրախարոենինգի դին գտել են իր տան սառնարանում, հաղորդում է Bangkok Post-ը:

Կինը, որը զբաղվում էր շինարարության ոլորտում բիզնեսով, հոկտեմբերի 18-ից դադարել էր կապ հաստատել հարազատների հետ: Ըստ հաղորդման՝ իրավապահներին 58-ամյա Ջիրախարոենինգի բնակարան են կանչել վերջինիս հարևանները, որոնք բողոքել են նրա բնակարանից եկող նեխահոտից:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ միլիոնատիրուհու հաշվից խոշոր գումարներ են հանվել, նրա մեքենան և բանկային քարտերն անհետացել են:

Սպանության համար կասկածվում է հանգուցյալի ընկերը, որը նրա մահից հետո երկու շաբաթ անհետ կորած էր համարվում:

Bangkok Post-ի տվյալներով՝ կասկածյալը՝ 39-ամյա Վիտուն Սիտաբութը, ձերբակալվել է իրավապահների կողմից: Հանցագործությանը նրա մասնակցության մասին վկայում են վկաների ցուցմունքները, ինչպես նաև տեսախցիկների արձանագրած տեսագրությունները: