Ալ Բաղդադիին մատնած անձին կպարգևատրեն 25 միլիոն դոլարով. The Washington Post
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի չեզոքացման գործողությունը հաջողությամբ է պսակվել տեղեկատու անձի միջոցով, որը գտնվում էր Բաղդադիի մերձավոր շրջապատում: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ աղբյուրների հղումով:
Նշվում է, որ գործողությանն օգնած անձը զբաղվում էր Սիրիայում ալ Բաղդադիի տեղաշարժի համակարգմամբ, ինչպես նաև նրա համար օթևան գտնելով:
Տեղեկատուն ԱՄՆ զինվորականներին է փոխանցել ԻՊ-ի առաջնորդի գտնվելու վայրը և նրա օթևանի սենյակների մանրամասն դասավորության պլանը:
Նշվում է նաև, որ ալ Բաղդադիի չեզոքացումից երկու օր անց տեղեկատու անձին իր ընտանիքով բարեհաջող դուրս են հանել երկրից: Օգնության համար նրան պարգևատրելու են 25 միլիոն դոլարով: Տեղեկությունների համաձայն՝ տեղեկատուի նպատակը եղել է ոչ միայն նյութական օգուտը, այլ նաև մերձավոր ազգականի սպանության համար վրեժ լուծելը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:
Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։









