Մեր աշխատակիցները ևս ստանում են պարգևավճար, քանի որ ինտենսիվորեն աշխատում են. այս տարի քննվել է 26,037 քրգործ. Հայկ Գրիգորյան
Մեր աշխատակիցները ևս յուրաքանչյուր ամիս ստանում են պարգևավճարներ՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
«Այս տարի մենք քննել ենք 26,037 քրեական գործ։ Սա՝ ինն ամիսների կտրվածքով, ինչը գերազանցում է 2017-2018 թվականների ամբողջ ծավալը: Կարծում եմ՝ սա պետք է ձեզ հուշի, թե ինչ ինտենսիվությամբ են քննիչներն աշխատել»,- շեշտեց նա:
Հարցին՝ թե կոնկրետ որքա՞ն աշխատավարձ է ստանում Քննչական կոմիտեի պետք, Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ եթե գրավոր հարցում ուղարկեն՝ Քննչական կոմիտեն կպատասխանի դրան:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի խմբակցություններ Քննչական կոմիտեի քննիչների այցերին, Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հանդիպումների նպատակը բոլոր մարմինների հետ՝ օրենսդիր, գործադիր, ՏԻՄ, եղել է խորը համագործակցության՝ ինֆորմացիայի փոխանակման համար:









