Պողոս Պողոսյանի գործով մի շարք անձինք հարցաքննվել են․Հայկ Գրիգորյան

17:33 • 30.10.19

2001 թվականին Երևանի «Առագաստ» սրճարանում ծեծկռտուքի հետևանքով սպանված Պողոս Պողոսյանի գործի շրջանակներում մի շարք անձինք են հարցաքննվել, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, գործի վարույթի ընթացքում ինչ նոր  հանգամանքներ կան։

«Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք Դատախազություն։ Արդյո՞ք բավարար են տվյալներ նոր գործ հարուցելու համար, թե՝ ոչ կգնահատի Դատախազությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով Արդարադատության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով:

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ 2001թ-ի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոս Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածվել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն: