«Չեմ կարող ստիպել մարդկանց, որ չվախենան սևամորթներից». Միշել Օբաման անդրադարձել է խորացող ռասայական ճգնաժամին և իր մանկությունից դրվագներ հիշել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երեքշաբթի տեղի ունեցած «Օբամաների հիմնադրամի գլխավոր գագաթնաժողով»-ի ժամանակ իր մանկությունից դրվագներ է վերհիշել և իր կյանքի փորձը համեմատել այսօր Միացյալ Նահանգներում ներգաղթյալ ընտանիքների փորձի հետ, գրում է Daily Mail-ը:
Միշել Օբամայի խոսքով՝ երբ իր ընտանիքը 1970-ական թվականներին երկու սևամորթ ընտանիքների հետ տեղափոխվել է Չիկագոյի հարավ՝ առաջին անգամ բախվել է «սպիտակամորթների» հետ պայքարի երևույթին:
Նրա խոսքով՝ «արհեստական երևույթները»՝ մարդու մաշկի գույնն ու վարսերի խտությունը, կարող են տարանջատել պետություններին ու ժողովուրդներին:
55-ամյա նախկին առաջին տիկինը հայտնել է, որ ներգաղթյալների ընտանիքները նույն կարգավիճակում են գտնվում, ինչ իր ընտանիքը տարիներ առաջ:
«Մենք պատմություն կերտողներից մեկն էինք»,- հայտնել է Միշել Օբաման՝ հավելելով. «Շատ մարդիկ հեռացան մեզնից. մեկ առ մեկ նրանք հավաքեցին իրենց ճամպրուկներն ու հեռացան ու հասարակությունը թողեցին իսկական քաոսի մեջ»:
«Ես չեմ կարող մարդկանց ստիպել, որ չվախենան սևամորթներից, բայց եթե ես ամեն օր լավ օրինակ ծառայեմ ձեզ, գուցե կարողանանք հրաժարվել անցյալից»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ երբ ամուսինը՝ Բարաք Օբաման, ընտրվեց ԱՄՆ-ի նախագահ և իրենց ընտանիքը տեղափոխվեց Սպիտակ տուն, մարդիկ սկսեցին անտեսել այդ «արհեստական երևույթները»:
«Լինելով երկրի առաջին սևամորթ ընտանիքը՝ ԱՄՆ-ն և ամբողջ աշխարհը հնարավորություն ունեցավ տեսնելու ճշմարտությունն առ այն, թե ով ենք մենք և թե ինչպիսին են սևամորթները»,- հավելել է նախկին առաջին տիկինը:


















