«Պատգամավոր ունենք, որ ավելի շատ «թռնում է», քան քայլում է». ԱԺ-ում քննարկվում է պատգամավորների գործուղումների արդյունավետության հարցը

13:52 • 30.10.19

ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն այսօր ներկայացրեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվող «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ԱԺ աշխատակազմի ծրագրային ֆինանսավորումները:

Նշենք, որ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել էր, որ ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում 6 միլիարդ 96 միլիոն դրամ է նախատեսված, որն այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատ 842 միլիոն դրամով ավելի է:

Գործուղումների վերաբերյալ Տիգրան Գալստյանն ասաց, որ 2019-ին մեկ պատգամավորի հաշվով ծախսերի միտումը նվազել է, այդ թվում նաև ներկայացուցչական ծախսերի առումով. մոտ 40 միլիոն ավելի քիչ ծախս է եղել պատվիրակությունների ընդունման համար, քան 2018 թվականին:

Տիգրան Գալստյանը նշեց, որ բավականին խիստ վերահսկողության տակ են վերցրել թե՛ տոմսերի գնման գործընթացը, այդ թվում այն, թե ինչ գնով ենք ձեռք բերվում դրանք, թե՛ պատվիրակությունների ծրագրով պայմանավորված իրենց արտերկրում լինելու ժամանակաշրջանը։ Նրա խոսքով՝ բոլոր այս հարցերը մանրամասն ուսումնասիրում են: «Շուտով նոր կարգավորումներ ենք ունենալու, որպեսզի հստակ երևա, թե պատգամավորը երբ է մեկնում, երբ է վերադառնում, այս պահին դեռ բանավոր կարգադրություններ ունենք»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքեց՝ հարց բարձրացնելով, թե որքանով են նպատակային այդ գործուղումները: «Չեմ ուզում անձնավորել, բայց պետք է պատգամավորը հաշվետվություն տա իր գործուղման համար, այսօր պատգամավոր ունենք ավելի շատ «թռնում է», քան քայլում»,- ասաց նա։

Տիգրան Գալստյանն էլ ի պատասխան ասաց, որ իր կողմից նման սահմանումներ տալը սխալ կլինի և պատգամավորի գործուղման արդյունքը գնահատելն իր լիազորությունների շրջանակում չէ:

Անդրադառնալով պատգամավորներից մեկի բարձրացած կայանատեղիի հարցին, ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց.«Մենք մեր խնայողությունների հաշվին իրականացնելու ենք ավտոտրանսպորտային շենքի վերանորոգումը, որը տասը տարուց ավելի է, ինչ չի  վերանորոգվել և որոշ մասը նախատեսում ենք օգտագործել որպես ավտոկայանատեղի»:

Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանն էլ նախագահի աշխատակազմին սպասարկող ծառայողական մեքենաների վերաբերյալ ասաց, որ դրանք սկզբում եղել են 22-ը, սակայն  նախատեսում են  մինչև տարվա վերջ շահագործման ենթակա մեքենաների թիվը կրճատել մինչև 15-ի:

Աշխատակազմի հաստիքների վերաբերյալ էր Էմիլ Տարասյանն ասաց.«Աշխատակազմի 155 հաստիքից 130-ից ավելին արդեն համալրված է: Հայտնեմ, որ նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմում է 1 միլիարդ 576 միլիոն դրամ, որը 430 միլիոն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրի համեմատ»: