ՀՔԾ պետի և ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսման ձայնագրությունների ֆայլերը տարածվել են ԱՊՀ տարածքից. Հայկ Գրիգորյան
Մեզ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային զրույցի գաղտնալսման ձայնագրության ֆայլերը. լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ այդ ֆայլերը Հայաստանից չեն տարածվել: «Հայաստանից չէ, ԱՊՀ տարածքից է: Նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ այդ մասին չխոսել»,- ասաց նա:
Ճշտող հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի՞ց են տարածվել, Հայկ Գրիգորյանը ծիծաղեց:
Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։









