Ադրբեջանական կողմի ձեռագիրն է սահմանում սրել իրադրությունը. ադրբեջանագետը՝ ՀՀ և ԱՀ շփման գծում հակառակորդի ակտիվության մասին
Առհասարակ, ադրբեջանական կողմի ձեռագիրն է ժամանակ առ ժամանակ սրել սահմանում իրադրությունը, որովհետև իրենց քաղաքականությունից չի բխում սահմանին տիրող հանգստությունը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճին:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Տավուշում հոկտեմբերի 29-ի գիշերը և 30-ի վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Ըստ նրա, պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Այնուհետև հայտարարություն էր տարածել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ըստ որի՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
«Ադրբեջանական կողմը համարում է, որ սահմանին հանգստությունը տանում է հակամարտության սառեցման, հետևաբար իրենք ավելի քիչ շանսեր են ունենում որևէ փոփոխություն իրականացնելու և հետևաբար իրենց պետական քաղաքականությունից բխում է անընդհատ լարվածություն մտցնելը և պայմանավորվածությունները խախտելը»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, առայժմ պարզ չէ թե ինչի հետ է կապված ադրբեջանական կողմի ակտիվության շարժառիթը, բայց ընդգծեց, որ դրանք ոչ միշտ են կոնկրետ մեկ պատճառով պայմանավորվում:
«Վերջին շրջանում համեմատաբար հանգիստ էր, այս դեպքում բարեբախտաբար չունենք կորուստի կամ վիրավորի մասին տեղեկություն: Եթե վերանանք մանր առիթների պատճառներից, այս բոլոր խախտումների դեպքերն իրենց ագրեսիվ, պայմանավորվածությունները չհարգող պետական քաղաքականության արդյունքն է, կարող է տարբեր ժամանակ տարբեր առիթներ լինեն, բայց դրանք ընդամենը առիթներ են»,- ասաց նա:
Այս ամենը, ըստ Հովհաննիսյանի, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հրադադարի հետաքննության մեխանիզմների տեղադրման անհրաժեշտություն կա: «Այսինքն, ընդհանուր առմամբ, ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում այդ մեխանիզմների տեղադրումից, թեև 2011թ-ից շրջանառության մեջ կա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ պարբերաբար նշել են, որ անհրաժեշտ է այդ մեխազնիզմը տեղադրել, ՀՀ-ն և Արցախի հանրապետությունը համաձայնել են և չի համաձայնել միայն Ադրբեջանը, որովհետև իրենց է ձեռնտու հրադադարը խախտելը և սահմանին լարվածություն առաջացնելը, դա իրենց քաղաքականությունն է և այդ դեպքում պարզ կերևա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արծրուն Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին է ակնհայտորեն գնում սադրանքների` ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում, Տարոն Հովհաննիսյանը նշեց, թե դժվար է կապել հենց նիստի անցկացման հետ, բայց սա ցույց է տալիս իրենց ցինիկ վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ:
«Սա ցույց է տալիս, որ անգամ եթե իրենց մոտ ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստ է, որին մասնակցում է նաև ՌԴ Պաշտպանության նախարարը, որը ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիրն է ներկայացնում, և նման միջոցառման ընթացում էլ իրենք կարող են սադրանքներ իրականցնել և խաղաղ բնակչության ուղղությամբ կրակել, ինչն առնվազն ոչ հարգալից վերաբերմունք է նույն ԵԱՀԿ համանախագահների նկատմամբ: Այսպիսով` նրանք պարզ ցույց են տալիս, որ անընդհատ խափանելու են ոչ միան ՀՀ-ի հետ երկկողմ պայմանավորվածությունները, այլև խափանելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունը լուծելուն, ինչն Ադբեջանի ագրեսիվ և ապակառուցողական մոտեցումն է հակամարտության շրջանակներում»,- եզրափակեց նա:









