«Ամոթալի». թուրքական մամուլի արձագանքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից բանաձևին կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն անդրադարձել են նաև Թուրքիայում լույս տեսնող լրատվամիջոցները:
Թուրքական Gazete Duvar թերթը Հայոց ցեղասպանություն արտահայտությունը վերցրել է չակերտների մեջ և նշել, որ ընդունված բանաձևը շուտով կմտնի ԱՄՆ սենատ: Թերթը նշում է, որ բանաձևի հեղինակ կոնգրեսական Ադամ Շիֆը դեռևս ապրիլին էր հայտարարել Հայոց ցեղասպանության ընդունման ուղղությամբ իր աշխատանքների մասին: Աղբյուրը նաև մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որը բանաձևն «ամոթալի» էր որակել և նշել, որ այն իրավական հիմքից զուրկ է:
Anadolu լրատվական գործակալությունը նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժում է Ադամ Շիֆի բանաձևը, և որ այն դեռևս պետք է անցնի Սենատով: Աղբյուրը նաև հղում է կատարում Վաշինգտոնում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչին, որն իր թվիթերյան էջում գրել է, որ քվեարկությունը տեղի է ունեցել «ակտիվ լոբբինգի արդյունքում, որը հեռու է պատմական ճշմարտությունից»:
Թուրքական մյուս լրատվամիջոցները՝ En Son Haber-ը, Hurriyet-ը, Milliyet-ը, ներկայացրել են կամ Թուրքիայի արտգործնախարարության, կամ արտգործնախարարի, կամ նախագահի խոսնակի ելույթները:
Մինչդեռ Ստամբուլի «Ակօս» հայկական շաբաթաթերթը նշել է, որ բանաձևի ընդունումն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու զոհերի հիշատակի հարգմանը, ինչպես նաև նրան, որ ամերիկյան պետությունը պայքարի և այլևս թույլ չտա ոչ մի ցեղասպանություն:
Շաբաթաթերթը ներկայացրել է նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Նենսի Փելոսիի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի արձագանքները: Մասնավորապես, Ադամ Շիֆը նշել է, որ ինքը 19 տարի է՝ աշխատում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է, որ ինքը հպարտ է իր գործընկերների հետ 1915-ի զանգվածային սպանությունները դատապարտելու համար, որոնք հանդիսանում են 20-րդ դարի մեծագույն չարիքներից մեկը:
Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը բանաձևի ընդունումը պատմական են որակել և շնորհակալություն են հայտնել կոնգրեսականներին:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն էլ նշել է, որ այս բանաձևը «քաղաքականության պատմության մեջ ամենաամոթալիներից է», և Թուրքիային ցեղասպանության համար մեղադրողները «պետք է նայեն իրենց պատմությանը»:









