«Սիրիայի հյուսիս-արևելքում ռուս-թուրքական պարեկությունը կսկսվի այս ուրբաթ». Էրդողան

15:59 • 30.10.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս-թուրքական պարեկությունը Սիրիայի հյուսիս-արևելքում կսկսվի այս ուրբաթ: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքը:

«Մենք կշարունակենք մեր պարեկությունը սահմանից դեպի հարավ՝ 7 կմ խորությամբ, և եթե անհրաժեշտություն լինի՝ կընդլայնենք պարեկության տարածքը»,- նշել է Էրդողանը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած` 150 ժամվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում կիրականացվի ռուս-թուրքական համատեղ պարեկություն: