Վարչապետը ցանկացած պահի կարող է ինձ ասել, որ իրար հետ չենք կարող աշխատել, և ես հրաժարական կտամ. Վազգեն Մանուկյան

16:13 • 30.10.19

Ես համաձայնեցի լինել Հանրային խորհրդի նախագահ՝ մտածելով, որ նոր իրավիճակում կսկսվեն բարեփոխումներ, երկիրը կգնա առաջ, և ես կկարողանամ օգտակար լինել, սակայն եթե իշխանությունները չեն ուզում ինձ տեսնել  Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, վարչապետը ցանկացած պահի կարող է ինձ ասել, որ իրար հետ չենք կարող աշխատել, և ես հրաժարական կտամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Հիմա ես տեսնում եմ, որ երկիրն այդ ճանապարհով չի գնում, այսինքն`ինչպես անհամապատասխանություն կա արտաքին աշխարհի ու Հայաստանի, այնպես էլ անհամապատասխանություն կա այն խոստումների, այն հույսերի հետ, և այն ամենի հետ, ինչ որ հիմա կատարվում է: Եթե իշխանությունները համաձայն չեն ինձ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, վարչապետը ցանկացած պահի կարող է ինձ կանչել և ասել, որ իրար հետ չենք կարող աշխատել, և ես հրաժարական կտամ»,- ասաց նա։

Վազգեն Մանուկյանը նշեց, թե ասում են, որ օրենք մինչև հաջորդ տարվա ապրիլ իրեն չեն կարող ազազել պաշտոնից, սակայն դա իր համար նշանակություն չունի:
«Բայց քանի որ այսպիսի հարց է առաջացել, կարող է ինքս նախաձեռնեմ` մոտ օրերը հանդիպենք վարչապետի հետ, քննարկենք` հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե ՞ ոչ»,-ավելացրեց նա:

Դիտարկմանը, որ Հանրային խորհուրդը պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, և արդյո ՞ք Հանրային խորհուրդը ցուցաբերում է այդ չեզոքությունը, Վազգեն Մանուկյանն արձագանքեց.

«Իմ հայտարարությունների մեջ քաղաքական երանգ, իհարկե, կա, բայց իրական քաղաքականությունը, իհարկե այն է, երբ դու պայքարում ես կուսակցության միջոցով իշխանության դեմ, ընտրությունների համար և այլն: Իմ բոլոր ելույթները սուր քննադատության հետ միասին պարունակում են նաև խորհուրդ: Երբ Փաշինյանն ասում է` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», և ես հասկանում եմ, որ դա հակասում է մեր ընդհանուր քաղաքականությանը, հասկանում եմ, թե դա ոնց կընկալվի ամբողջ աշխարհում, ես հոդված եմ գրում, որտեղ մանրամասն բացատրում եմ, թե ոնց է պետք անել։ Եվ ես գտնում եմ, որ դա տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»:

Վազգեն Մանուկյանն ասաց նաև, որ հասարակությանն այսպես բզկտված դեռ չի տեսել։ «Իրար նկատմամբ թույնով են լցված, մատնություններ են անում, արժեքավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցել, Արցախի պաշտպանության նախարարին են հանում, քանի որ իրենց կարծիքով` ինչ-որ նախադասություն ճիշտ չի ասել, իսկ նա լավագույն նախարարներից էր։ Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար մեծ արժեքներ ստեղծած մարդկանց»,- ասաց Հանրային խորհրդի նախագահը։