Ռուսաստանն անհանգստացած է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների զանգվածային արտաքսմամբ. Պուտին
Ռուսաստանն անհանգստացած է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակով և այդ տարածաշրջանից նրանց զանգվածային արտաքսմամբ: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բուդապեշտում Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Коммерсант-ը:
«Ռուսաստանը համառ և հետևողական ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Ինչպես հայտնի է, մեր երկիրը շատ բան է արել այդ համընդհանուր չարիքի դեմ, ինչպիսին ահաբեկչությունն է, պայքարելու համար, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ընդհանրապես և Սիրիայում՝ մասնավորապես»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինն ասել, որ հիմա Մերձավոր Արևելքի քրիստոնյաները գտնվում են շատ ծանր իրավիճակում: «Սպանություններ, բռնություն, կողոպուտ: Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքից քրիստոնյաների մասսայական արտագաղթի: Դա մեզ չի կարող չանհանգստացնել»,- ընդգծել է նա:









