Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պաճառով վտանգի տակ է հայտնվել Ռոնալդ Ռեյգանի գրադարանը

02:42 • 31.10.19

ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվան գրադարանը և թանգարանը վտանգի տակ են հայտնվել Կալիֆոռնիայի հարավում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կրակը մոտենում նշված հաստատությանը: Գրադարանի տարածքում հերթապահում են հրշեջներն ու ոստիկանները:

Ավելի վաղ Վենտուրայի շրջանի հրդեհային վարչությունը կարգադրել էր տարհանել տեղի բնակիչներին: Դա վերաբերում էր նաև այն տարածքին, որտեղ գտնվում է գրադարանը: Ներկայում այն հրդեհների պատճառով փակ է:

Գրադարանի տնօրեն Ջոն Հյուբիշը լրագրողներին ասել է, որ արխիվային նյութերի մի մասն, անվտանգության նկատառումներից ելնելով, արդեն դուրս է բերվել հաստատությունից:

Նշենք, որ Ռեյգանը թաղվել է գրադարանի տարածքում 2004 թվականին: Նախագահական գրադարանների ստեղծման գաղափարը Միացյալ Նահանգներում առաջացել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի օրոք, որը 1939 թվականին հայտարարել է, որ իր փաստաթղթերը փոխանցում է ԱՄՆ դաշնային կառավարություն և այդ ժամանակ էլ իր սեփական հողաբաժնում տարածք է հատկացրել գրադարանի և թանգարանային համալիրի համար: 1955-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է նախագահական գրադարանի մասին օրենքը: