Ջերմուկ համայնքի բնակիչները հանդիպում են ունեցել պաշտոնյաների հետ. բնակիչները վերահաստատում են՝ Ամուլսարում հանքարդյունաբերությանը կտրկանապես դեմ են

19:16 • 17.11.19

Այսօր Ջերմուկում համայնքի բնակիչների և կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների հետ տեղի է ունեցել Ամուլսարի խնդրով հանդիպում: Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնյաների այցն ավելի շատ ճանաչողական էր և եթե համայնքի բնակիչներն ունեին հարցեր, որոնց պատասխանները դեռ չէին ստացել, ևս մեկ առիթ էր բարձրաձայնելու համար:

«Ոչ մի նոր բան չկար, ջերմուկցիները ևս մի անգամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որ դեմ են հանքարդյունաբերությանը: Պաշտոնյանները հանդիպման ընթացքում ասել են, որ մյուս տարի նախատեսում են մոնիտորինգ իրականացնելու համար կայաններ տեղադրել, հետո նաև ավելացրել են, որ հանքը չշահագործելու իրավական հիմքեր չկան»,- նշեց նա:

Խաչատրյանի խոսքով` պաշտոնյաները հիմնականում խորացել են բնապահպանական ոլորտում, սակայն ջերմուկցիներն ասել են, որ կենտրոնանան նաև սոցիալական գործոնի վրա:

«Որովհետև սա առողջարանային քաղաք է, որի բնակիչները դեմ են հանքարդյունաբերությանը: Ստացվում է, որ իմ ապրելու իրավունքն ուզում են փոխել: Մեր հիմանական շեշտադրումը դա է, սակայն իրենք էլի հետ են գնում բնապահպանությանը: Իրենց խոսքով, երբ ապացուցեն, որ բնապահպանական վնաս չկա, հետո կանցնեն մյուս գործոններին, այսինքն իրենց համար գլխավորը բնապահպանությունն է:

Մենք էլ պնդում ենք, որ այստեղ գլխավորը բնակիչների ցանկությունն է: Սակայն իրենք ասում են որ օրենսդրական հիմք չկա, և չենք կարող հանքի շահագործումը թույլ չտալ»,- ասաց Արմեն Խաչատրյանը: