Հնդկաստանում շուրջ 10 000 սատկած թռչուն է հայտնաբերվել լճի մոտակայքում (տեսանյութ)

23:44 • 17.11.19

Հնդկաստանի Ռաջաստան նահանգի մասնագետներն ստուգումներ են իրականացնում Ջայպուր քաղաքի մոտակայքում գտնվող Սամբհար լճում, որի հարևանությամբ շուրջ 10 000 սատկած թռչուն են հայտնաբերել մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է tvzvezda.ru-ն՝ հղում անելով հնդկական հեռուստաալիքին:

Սամբհարն աշխարհի ամենամեծ աղի լիճն է: Աղբյուրի տվյալներով՝ թռչունների մեծ մասը չվող են, որոնք լճի մոտ են եկել ձմեռելու համար: Մասնագետները նախ որոշել էին, որ թռչունները սատկել են թռչնագրիպի պատճառով: Սակայն ավելի ուշ այլ վարկած են գտել, որի համաձայն՝ զանգվածային մահացության պատճառը «թռչունների բոտուլիզմ» հիվանդությունն է, որն առաջանում է թունավորումից:

Նման եզրակացություն մասնագետները կայացրել են փետրավորների մարմինները զննելուց հետո: Ներկա պահին լճի մոտակայքում 70 մասնագետ է աշխատում: Նրանք վերացնում են թռչունների մնացորդները՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով: