Մովսես Հակոբյանի ու իր տեղակալների ազատումը խոսում է այդ ինստիտուտում եղած խնդիրների մասին. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

14:29 • 18.11.19

Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Մովսես Հակոբյանի, նաև իր տեղակալների ազատումը խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել, երևի, և վարչապետը կայացրել է նման որոշում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` չբացառելով նաև, որ գուցե Մովսես Հակոբյանն է դիմում գրել:

«Դա վարչապետի բացառիկ իրավասությունների շրջանակում է»,-ասաց նա`գնահատական չտալով Մովսես Հակոբյանի աշխատանքին:

Հարցին` պաշտոնանկությունից հետո այլևս չե ՞ն կարող Մովսիսյանին պարտադրել գալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով, Քոչարյանը նշեց, որ իրենք որևէ մեկին պարտադրելու իրավունք չունեն` անկախ պաշտոնից:

Դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանն ասոցացվել է նախկին իշխանությունների հետ, Քոչարյանն արձագանքեց՝ նախկինի նախկին էլ է եղել: «Մեր զինվորականությունն իր ծառայությունը մատուցել է բոլոր իշխանությունների օրոք, այլ բան է, որ տարբեր ժամանակաշրջաններում մեր զինվորականության նկատմամբ մի քիչ այլ վերաբերմունք է եղել, որովհետև եղել է նաև իշխանություն, որ մեր բանակին հասցրել է մեծ վնաս` օգտագործելով ներքաղաքական խնդիրների մեջ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: