Գուցե ֆինանսական հաստատությունները չունեն վերահսկողական մեխանիզմներ, որ կապիտալի մեծ արտահոսքը բացահայտեն և կանխեն. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու (տեսանյութ)
ԱԺ-ում շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանձաժողովի անդամի թեկնածու Լիլիթ Ալեքսանյանին խնդրեց ներկայացնել սեփական դիտարկումները պաշտոնական վիճակագրության մասին առ այն, որ բավականաչափ օտարերկրյա կապիտալներ բանկային համակարգի միջոցով դուրս են բերվում երկրից: Նա, մասնավորապես, հարցրեց, թե ինչպե՞ս են դրանք դուրս բերվում:
Ալեքսանյանը պատասխանեց՝ շատ խորը չի ուսումնասիրել, բայց ըստ նրա՝ Մելքումյանը ճիշտ է, և կապիտալի արտահոսքը ֆինանսական հաստատությունների միջոցով է կատարվում. «Գուցե ֆինանսական հաստատությունները չունեն վերահսկողական մեխանիզմները, որպեսզի մեծ արտահոսքը բացահայտեն և կանխեն»,- ասաց նա և հավելեց, որ նման մեխանիզմ պետք է դիտարկել, բայց այս պահին ավելի կոնկրետ առաջարկ չի կարող հնչեցնել:
Մելքումյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ է, ինչ ընկերություններն ունեն «սև և սպիտակ հաշվապահություն»: Նա թեկնածուին հարցրեց, թե վերջին փուլում «սև» հաշվապահության կշիռն իջե՞լ է, թե՝ ոչ:
«Իմ անձնական դիտարկումն այն է, որ այստեղ որոշակի փոփոխություններ ենք ունեցել, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ սա այն արդյունքն է, որին ձգտել ենք: Այստեղ կանխիկի շրջանառության հետ կապված կարգավորում կա, և ես շատ մեծ հույսեր եմ կապում այդ կարգավորումների հետ, որովհետև միշտ ստվերային տնտեսության հիմքում ընկած է կանխիկ դրամի շրջանառությունը, որն անվերահսկելի է»,- պատասխանեց Ալեքսանյանը:









