Ամերիկացին իր կյանքի ընթացքում 303 լիտր արյուն է հանձնել՝ փրկելով շուրջ 2 հազար կյանք
Ամերիկյան Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի բնակիչ Դեյվ Մախալիկն իր կյանքի ընթացքում 303 լիտր արյուն է հանձնել։ Մախալիկն առաջին անգամ դոնոր է դարձել 34 տարի առաջ, երբ ընկերոջ մայրը շտապ արյան կարիք ուներ, գրում է Unilad-ը։
Այդ ժամանակվանից ի վեր Մախալիկը երկու շաբաթը մեկ անգամ գնում է տնից 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիվանդանոց և արյուն հանձնում։
Տղամարդու խոսքով՝ դոնոր դառնալն արդեն նրա համար սովորություն է դարձել։
«Երբ արդեն 70 կամ 80 տարեկան ես, ոչ ոք քո աչքերի, սրտի կամ երիկամների կարիքը չունի, սակայն դու շարունակաբար կարող ես արյուն հանձնել»,- ասել է Մախալիկը։
34 տարվա ընթացքում Մախալիկի արյունը 1920 կյանք է փրկել։ Երբ Մախալիկը 640-րդ անգամ արյուն է հանձնել, նրան հանդիսավոր կերպով պատվավոր դոնորի կոչում է շնորհվել։
Ամերիկացին կարծում է, որ եթե որևէ մեկն ի վիճակի չէ որևէ գումար զոհաբերել բարեգործության համար, նա կարող է իր ներդրումն ունենալ և մարդկային կյանք փրկել։
«Եթե չեք կարող ձեզ թույլ տալ բարեգործություն անել, գոնե կարող եք արյուն հանձնել և մարդկային կյանքեր փրկել»,- ասել է Մախալիկը։









