Վրաստանում 18 ցուցարար է ձերբակալվել, ինչպես նաև ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը

19:16 • 18.11.19

Վրացական «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը՝ Գեորգի Ռուրուան, ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին տեղեկացրել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

«Այս երկրում կմնանք կամ մենք, կամ հանցավոր իվանիշվիլիական կառավարությունը, նրա կոռումպացված և հակաժողովրդական ռեժիմը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գվարամիան՝ հաղորդելով Ռուրուայի ձերբակալության մասին:

Վրաց ՆԳՆ-ից հաստատել են, որ վերջինս ձերբակալվել է զենքի անօրինական ձեռքբերման և պահպանման մասին հոդվածներով: ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ բողոքի ցույցի ժամանակ 18 մարդ է ձերբակալվել՝ ոստիկանությանը չենթարկվելու և անկարգություններ կատարելու համար: 

Նշենք, որ ավելի վաղ հատուկջոկատայինները Թբիլիսիում ցրել էին խորհրդարանի շենքի հավաքված ցուցարարներին՝ բացելով նրանց կողմից արգելափակված մուտքերը: 

Վրացական աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները հավաքում են խորհրդարանի մոտակայքում տեղակայված վրանները: Տեղում նաև շտապօգնության մեքենաներ կան, բժիշկներն օգնություն են ցույց տալիս տուժածներին: