Իրաքում հակակառավարական ցույցերի նոր ալիք է սկսվել
Կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Իրաքի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել։ Բաղդադից բացի, հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաև Քութայում, Էն Նաջաֆում, Դիվանիայում, Բասրայում, գրում է dw.com-ը։
Նշվում է, որ բողոքի ցույցերի ժամանակ հակաիրանական վանկարկումներ են հնչում, քանի որ, որոշ ակտիվիստների կարծիքով, ներկայիս կառավարությունն աջակցություն է ստանում Թեհրանից։ Որոշ փորձագետներ, միևնույն ժամանակ, նշում են Իրաքի ցույցերի կարգախոսների նմանությունը մերձակա Լիբանանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ հնչած կարգախոսներին։ Ինչպես հաղորդում է AFP-ն, Բաղդադի Թահրիր հրապարակում ակտիվիստները ծածանում են պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Բեյրութից Բաղդադ՝ միասնական պայքար կոռուպցիայի դեմ»։
Ընդ որում՝ երկու երկրների հակակառավարական ակցիաների տարբերությունն այն է, որ Լիբանանում դրանք խաղաղ բնույթ ունեն, իսկ Իրաքում դրանք տեղի են ունենում բռնության կիրառմամբ։ Վերջին տվյալներով՝ բողոքի ցույցերի սկսելու օրվանից մինչ օրս Իրաքում արդեն 330 անձ է սպանվել՝ հիմնականում ցուցարարներ։ Մի քանի անձ էլ սպանվել է ոստիկանության կողմից մարտական փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառման հետևանքով։
Ցուցարարների և ոստիկանության բախման կենտրոն հաճախ հանդիսանում են կամուրջները, որոնք կապում են այսպես կոչված «կանաչ հատվածը, որտեղ տեղակայված են երկրի նախարարությունները և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները, մայրաքաղաքի այլ հատվածների հետ։ Այսպես, կիրակի ցուցարարները իրենց վերահսկողության տակ են վերցրել Ալ Ահրար կամուրջը, որտեղ աղբամաններով, հին պահարաններով և մետաղական այլ իրերով բարիկադներ են կառուցել։ Շաբաթ ցուցարարներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սինակ կամրջի որոշակի հատվածներ։ Եվս մի կամուրջ ցուցարարների վերահսկողության տակ է դեռևս հոկտեմբեր ամսից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ցույցեր: Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են վատ կենսապայմանների և կոռուպցիայի դեմ: Ցույցերն արագ վերաճել են անկարգությունների: Ամենաշատ բախումները տեղի են ունեցել Բաղդադում, ինչպես նաև հարավային նահանգներում:









