Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել Կերչի նեղուցում կալանած նավերը
Ռուսաստանը նոյեմբերի 18-ին Ուկրաինային է վերադարձրել «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» մոտորանավակները, ինչպես նաև «Յանի Կապու» քարշանավը, որոնք մեկ տարի առաջ կալանվել էին Կերչի նեղուցում, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Նշված նավերը մեր սահմանն ապօրինաբար խախտելու մասին Ռուսաստանում շարունակվող քրեական գործի իրեղեն ապացույցն են: Դրանց փոխանցումն ուկրաինական կողմին հնարավոր եղավ, քանի որ ռուսական պատկան մարմիններն ավարտել են նավերի հետ կապված անհրաժեշտ քննչական միջոցառումները, և Ռուսաստանի Դաշնության տարածքում դրանց գտնվելն այլևս անհրաժեշտություն չէ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Նավերի անձնակազմը՝ 24 ուկրաինացի նավաստի, վերադարձել է հայրենիք սեպտեմբերի 7-ին` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում էր, որ երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել էր նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել էր ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության էր ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել էր բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել էր Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել էին զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել էր 3 ուկրաինացի զինծառայող:









