ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին (լուսանկարներ)
ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, գրում է РИА Новости-ն:
Իրանում բողոքի ցույցերն ընթանում են բենզինի գնի թանկացման դեմ: Տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ ակցիայի շրջանակում մեկ մարդ է մահացել:
«ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին՝ ռեժիմի դեմ իրենց խաղաղ բողոքի ակցիաներում: Մենք դատապարտում ենք մահվան ելքով ուժի կիրառումը և կապի սահմանափակումը, որն օգտագործվում է ցուցարարների դեմ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նշել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ: Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է երկրում ցույցերի պատճառով Թեհրանի կողմից համացանցի անջատումը և աջակցություն է հայտնել Իրանի «բազմաչարչար ժողովրդին»:













