Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները խնդրում են նրանց գործը քննել՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբ

23:23 • 19.11.19

Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել սպանության մասին քրեական գործի վերանայման հարցով՝ երդվյալ ատենակալների խորհրդի մասնակցությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ավագ քրոջ՝ Կրիստինայի շահերը ներկայացնող Ալեքսեյ Լիպցերը:

Բացի այդ, բոլոր փաստաբանները խնդրում են կասեցնել իրենց պաշտպանյալների դեմ հարուցված քրեական գործը՝ նրանց վերագրվող հանցագործությանը ներգրավածություն չունենալու պատճառով:

Խաչատուրյան քույրերին վերջնական խմբագրմամբ մեղադրանք է առաջադրվել «կանխամտածված դավադրությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» ձևակերպմամբ: Միևնույն ժամանակ մեղադրանքում հետաքննությունը նշում է, որ աղջիկների գործողությունները պայմանավորված են եղել տուժած Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով:

Փաստաբանները պնդում են, որ աղջիկները գործել են բացառապես պաշտպանության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը սպանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին: