2887 օր. Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ամենաերկարը պաշտոնավարելու ռեկորդ է սահմանել
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկրի ամբողջ պատմության ընթացքում Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ամենաերկարը պաշտոնավարելու ռեկորդ է սահմանել, գրում է Reuters գործակալությունը:
Նա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնին է 2887 օր: Չորեքշաբթի առավոտյան վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է իր գործունեության արդյունքները:
«Երբ կառավարությունները փոխվում էին ամեն տարի, ինչպես և իմ առաջին ընտրության ժամանակ (2006-2007), կարևորագույն քաղաքական խնդիրները հետաձգվում էին»,- հայտնել է Ճապոնիայի վարչապետը:
Նա նաև նշել է, որ առաջին վարչապետությունից քաղած դասերի արդյունքում, որը տևել է մեկ տարի, իր վարչակազմին հաջողվել է ընտրողների կայուն աջակցության հասնել:
«Քաղաքական համակարգի կայունացման ամենօրյա ջանքերը, խորհրդարանի վերին և ստորին պալատների ընտրություններում վեց անգամ վերընտրվելը, բոլոր խոստումներն իրականացնելու ջանքերը, այս ամենը մեզ բարեցին այս օրվան»,- ասել է վարչապետը:
Աբեն զբաղեցնում է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք է տալիս մինչև 2021 թվականի սեպտեմբերը գլխավորել երկրի կառավարությունը:
«Կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելու եմ ևս երկու տարի: Հասկանալով պատասխանատվության ծանրությունը, ոտք դնելով ասես փխրուն սառույցի վրա և չմոռանալով նորեկի ներքին լարվածությունը՝ ես մտադիր եմ բոլոր ուժերս ներդնել քաղաքական խնդիրների լուծմանը,- ընդգծել է Սինձո Աբեն:
Կարևորագույն խնդիրներից նա նշել է գնանկումից երկրի դուրս գալը, ծնելիության կրճատման խնդրի լուծումը, պատերազմից հետո չլուծված մնացած դիվանագիտական խնդիրները, ինչպես նաև երկրի Սահմանադրության բարեփոխումը:









