Դա իշխանությունների հետ գործարք կամ կոռուպցիա չէ. պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ անդամներին չաշխատելու համար 905 մլն վճարելու մասին (տեսանյութ)
Վեթինգի գործընթացը սխալ է չափել միայն հեռացված դատավորների թվով։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Հարցին՝ որ փուլում է վեթինգի գործընթացը, արդյոք կա՞ն հեռացված դատավորներ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ անձամբ ճանաչում է մի շարք բարեխիղճ դատավորների, որոնց ազնիվ և ազգանվեր աշխատանքը շատ հաճախ ստվերվում է անբարեխիղճ դատավորների աշխատանքի պատճառով։
«Վեթինգի գործընթացը սխալ է չափել միայն հեռացված դատավորների թվով։ Եթե հեռացված դատավորներ չկան, դա դեռ չի նշանակում, որ վեթինգի գործընթաց չկա», - մանրամասնեց պատգամավորը։
Լրագրողները հետաքրքրվեցին արդյոք արդարացվա՞ծ է ՍԴ դատավորներին չաշխատելու դիմաց վաղ կենսաթաշակի ուղարկելու համար բյուջեից 905 մլն դրամ հատակցնելը և արդյո՞ք այդտեղ կոռուպցիայի և գործարքի մասին խոսք չի գնում, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Ես համաձայն չեմ պնդման հետ, որ դա կլինի գործարք իշխանության հետ: Իրավիճակը ոչ ստանդարտ է, լուծումները ստանդարտ լինել չեն կարող, դա կոռուպցիա գնահատելն անհիմն է»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ վերջին հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիները դատարանների և դատական համակարգի նկատմամբ բավականին ցածր վստահելիություն ունեն:
«Մենք այս հարցում պարտավոր ենք գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ արդարացնելու ժողովրդի տված վստահության քվեն», - ասաց պատգամավորը։









