Մեզ համար նույնպես անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա կովկասյան ընձառյուծ. Է. Գրիգորյանը` Ենոքավանում հայտնված ընձառյուծի մասին (տեսանյութ)
Նախարարության աշխատակիցները գործուղվել են Ենոքավան, այս պահին էլ գտնվում են այնտեղ, հանդիպել են նաև տուժած անձի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը`անդրադառնալով Ենոքավանի անտառներից մեկում հովազի` քաղաքացու վրա հարձակվելու դեպքին:
«Իրականում շատ զարմանալի էր, քանի որ այդ տարածաշրջանում տասնյակ տարիներով չի եղել կովկասյան ընձառյուծ: Ըստ նկարագրվածի և ըստ մասնագետների՝ դա եղել է կովկասյան ընձառյուծ»,-ասաց նա:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ սովորաբար կովկասյան ընձառյուծը չի հարձակվում մարդու վրա: «Դա կամ որջի մոտ կարող է լինել, կամ սնվելու ժամանակ, կամ այլ խնդիր կարող է եղած լինել, կուսումնասիրենք, լրացուցիչ կտեղեկացնենք: Զուտ կենսաբազմազանական առումով մեզ համար նույնպես անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա կովկասյան ընձառյուծ»,-ասաց նա:









