Նիկոլ Փաշինյանը Մելինե Դալուզյանին պաշտպանում էր առավոտից իրիկուն նրան սղոցողներից. Մարիա Կարապետյան (տեսանյութ)

14:31 • 20.11.19

Նիկոլ  Փաշինյանը Մելինե Դալուզյանին պաշտպանում էր առավոտից իրիկուն նրան սղոցողներից: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՝ անդրադառնալով հարցին ՝ թե այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է, ումի՞ց էր պաշտպանում Դալուզյանին այն դեպքում, երբ մինչ հայտնի  ֆիլմի ֆինանսավորումը նրա մասին չէին խոսում:

«Նիկոլ  Փաշինյանը Մելինե Դալուզյանին պաշտպանում էր առավոտից իրիկուն նրան սղոցողներից: Այդ մարդը փախել էր Հայաստանից, քանի որ նրա կյանքին և առողջությանը վտանգ էր սպառնացել: Երկրորդը՝ այն մթնոլորտը՝ թշնամանքի, ատելության, որը որոշակի խմբեր կարող են ձևավորել անհատի շուրջ, նորություն չէ»,- ասաց Կարապետյանը:

Հարցին՝ տեսե՞լ է արդյոք ծանրամարտիկների դատապարտող հայտարարությունն առ այն, որ ֆիլմ է նկարահանվում մի մարդու մասին, ում պատճառով Ծանրամարտի ֆեդերացիան լուրջ խնդրի առաջ էր կանգնել, մասնավորապես՝ դոպինգի օգտագործման շուրջ ստեղծված սկանդալը, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Այդ հայտարարության մեջ նախ ձևակերպումների սխալ կար, որ ֆիլմը պատվիրված է պետության կողմից, որ ֆիլմն այն մասին է, թե Մելը հանդիսանում է սպորտսմենի տիպար, և մի շարք այլ ձևակերպումներ: Այդ հայտարարությունը խնդրահարույց է՝ իրենց ստորագրություններով դրան միացած անձանց դոպինգային անցյալի պատճառով, ու ամենակարևորն ինձ համար այն է, որ այդ հայտարարությունը խնդրահարույց է` օգտագործված լեզվի առումով, որովհետև մարդուն նկարագրում են տմարդ, որպես ոչ մարդ, որն առաջին քայլն է ատելության հիմքով հանցագործություն կատարելու համար»-ընդգծեց նա: