Իհարկե, կան վատ աշխատող նախարարներ, մենք մոտ ժամանակներս հարցապնդումով կդիմենք Կառավարությանը. ԼՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)
Կառավարությունում, իհարկե, կան վատ աշխատող նախարարներ և նրանց վերաբերյալ մի քանի անգամ ԼՀԿ ներկայացուցիչները խոսել են: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի «Լուսավոր Հայաստանը» ԿԳՄՍ նախարարի աշխատանքի վերաբերյալ:
«Մենք չենք հնչեցնում վատ աշխատող նախարարների անունները, բայց այդուհանդերձ հարցապնդումով մոտ ժամանակներս կդիմենք Կառավարությանը, այդ հարցերին ԼՀԿ-ն դեռ կանդրադառնա»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդները կոչով դիմել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը պահանջող գործընթաց սկսելու համար, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս դա:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։









