Մանկավարժական ընդհանուր գրագիտությունը պահանջում է բազմակողմանի գիտելիքներ, հատկապես՝ գրականության, պատմության և մշակույթի ասպարեզներում. ՀՊՄՀ պրոռեկտորը՝ ԿԳՄՍՆ-ի օրինագծի մասին

20:52 • 20.11.19

 

Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը հրապարակայնորեն քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, և այդ արդյունքներով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը ներկայացվել են նախագծի վերաբերյալ ձևավորված կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել է ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Արա Երեմյանը:

Ըստ Արա Երեմյանի՝ նախարարությանն առաջարկվել է նախագիծ, որում նշվում է. «Հաստատվում է բուհում դասավանդվող պարտադիր առարկաների ցանկը, ստուգման ձևը և հատկացվող կրեդիտների քանակը»։ Առաջարկվել է նաև հիմնարար և հումանիտար գիտությունների առումով սահմանել քվոտաներ, որպեսզի բուհը չկարողանա կամայականորեն պակասեցնել կամ ընդհանրապես հանել այդ գիտական դիսցիպլինաներին հատկացվող ժամերը։

«Պարզաբանենք, որ ինստիտուցիոնալ ինքնավարության և ակադեմիական ազատության շրջանակներում բուհը, իհարկե, իրավասու է իր համար ինքնուրույն սահմանել նշված դրույթները՝ հիմք ընդունելով մանկավարժական բուհում առավելապես դպրոցների համար մասնագետների պատրաստման առաքելությունը և առանձնահատկությունները:

Երեխաների շրջանում ամենօրյա աշխատանքում մանկավարժական ընդհանուր գրագիտությունը, մեր կարծիքով, պահանջում է բազմակողմանի գիտելիքներ, հատկապես՝ գրականության, պատմության և մշակույթի ասպարեզներում»,- նշված էր Արա Երեմյանի պատասխանում:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ և նշել, որ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրինագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել: