Համալսարանում անհամաձայնություն ունենք, բայց պայքարելու ենք մինչև վերջ. Հյուսիսային համալսարանի ուսանողները միացել են դասադուլին
«Հայոց լեզուն», «Հայ գրականությունը», «Հայոց պատմությունը» մեր ազգի կարևորագույն արժեքներն են, մենք թույլ չենք տա, որ ոտնահարեն այդ արժեքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը:
Նշենք, որ Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են արել և միացել ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ ՀԵՄ անդամների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:
«Մենք ուզում ենք հասարակությանը կոչ անել, որ անտարբեր չանցնեն: Ուղղակի զարմանում եմ՝ ինչպես են մարդիկ անտարբեր անցնում ու չեն միանում մեր երթին»,- ասաց նա:
Անի Ալեքսանյանի խոսքով՝ երթի դուրս եկածներից յուրաքանչյուրն իր պահանջներն ունի:
«Համալսարանում անհամաձայնություն ունենք, բայց պայքարելու ենք մինչև վերջ, սա յուրաքանչյուրիս իրավունքն է»,- նշեց նա և հավելեց, որ Հյուսիսային համալսարանի ուսանողները միանալու են նստացույցին:
Ուսխորհրդի նախագահը տեղեկացրեց, որ իրենց երթին միացել են Իրավագիտության, Տնտեսագիտության և կառավարման, Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետների ուսանողները: Նա խոստացավ, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ավելի վաղ անժամկետ նստացույց էին հայտարարել ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։









