Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը վաղուց պետք է լիներ, ուշացած է. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը վաղուց պետք է իրականացվեր, այն արդեն ուշացած է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նախագծի ընդունմանը:
«Տարբեր երկրներում օրենքը կա, խնդիր չեմ տեսնում, ես գտնում եմ, որ դա պետք է»,- նշեց նա:
Հարցին, թե ինչպես պետք է պայքարեն քրեական ենթամշակույթի դեմ, նա պատասխանեց, որ մեխանիզմների մասին պետք է հարցնել մասնագետներին, ինքը մասնագետ չէ:
«Ես ասում եմ՝ անհրաժեշտություն միշտ էլ եղել է, բայց, թե ինչու նախկինում չի եղել, չեմ կարող ասել, դրա մասին խոսակցություններ եղել են, բայց օրենք չի եղել»,- ասաց նա և հավելեց, որ մասնագետները գիտեն իրենց գործը և ինքն իր պատկերացումներն ունի, բայց չի կարող ասել:
«Բայց ինչ արվում է՝ պետք է զգույշ արվի, որպեսզի անմեղ մարդուն հանկարծ չկարողանան որևէ բան անել, դա պետք է ուշադիր արվի, քանի որ ի վերջո մարդն է զբաղվելու օրենքով: Դրա համար օրենքը շատ ճշգրիտ պետք է ներկայացնի ամեն ինչ, որ դեպքում ինչ արվի»,- նշեց նա:









